Ինչ արտադրանք է Հայաստանից արտահանվել վերջին տասնամյակներում — վիճակագրություն և փաստեր
Թարմ մրգից մինչև տուրիզմ… չարտահանվող բան գոյություն չունի. վստահեցնում են մասնագետները, պարզապես պետք է գտնել ճիշտ շուկան ու քո սպառողին:
Հայկական որ արտադրանքներն ամենամեծ պոտենցիալն ունեն արտասահմանյան շուկայում
Ապրանքների արտահանումը որոշակի հատկություններով նյութական բարիքների դուրսբերումն է։ Ծառայությունների արտահանումը արտադրական և սպառողական բնույթի ծառայությունների տրամադրումն է արտասահմանյան գործընկերներին։ Կապիտալի արտահանումը միջոցների ներդրումներն են՝ արտասահմանում սեփական արտադրություն կազմակերպելու համար։
Բայց որքան էլ ընդհանրական հնչի այս ձևակերպումը, ամեն երկիր ունի իր առանձնահատկությունները և որպես շուկա, և որպես արտահանող: Հայաստանը ևս բացառություն չէ:
Պատմական անդրադարձ — արտահանումը Սովետական Հայաստանից

Սովետական Հայաստան | Երիտասարդական պալատ, Yans Media
Դեռևս խորհրդային տարիներին, ԽՍՀՄ-ի մյուս երկրների համեմատ, Հայաստանն ավելի խոցելի էր իր աշխարհագրական դիրքի և բնական ռեսուրսների բազայի առանձնահատկությունների պատճառով (ծով մուտքի բացակայություն, նավթի և գազի պաշարների բացակայություն, հողի ցածր բերրիություն):
1928-ին Հայաստանում արդյունաբերական արտադրության ծավալը հասավ նախապատերազմյան շրջանի մակարդակին, իսկ գյուղատնտեսության ծավալը գերազանցեց այն:

1928-ին Սովետական Հայաստանում արդյունաբերական արտադրության ծավալը հասավ նախապատերազմյան շրջանի մակարդակին, իսկ գյուղատնտեսության ծավալը գերազանցեց այն
Խորհրդային տարիներին Հայաստանում զարգացած էր մետաղագործությունը, մեքենաշինությունը, քիմիական, թեթև (տեքստիլ և կոշիկ), սննդի (մրգերի և բանջարեղենի, գինու և կոնյակի) արդյունաբերությունները, գունավոր մետալուրգիան, թանկարժեք քարերի վերամշակումն ու շինանյութերի արտադրությունը:
Արդյունաբերական արտադրանքները մատակարարվում էին միության հանրապետություններին, որտեղից Հայաստանը ստանում էր հումք և էլեկտրականություն:
Մինչ 1991 թվականին անկախության ձեռքբերումը՝ Հայաստանի տնտեսությունը հիմնականում հիմնված էր արդյունաբերության՝ քիմիական, մեքենաշինության, թեթև, գունավոր մետալուրգիայի վրա: Գյուղատնտեսությունը կազմում էր տնտեսության մոտ 20%-ը:
Այսօր խորհրդային ժամանակներից շատ բան է փոխվել, բայց տնտեսական առանձնահատկությունները շարունակում են արդի մնալ:
Արտահանման առանձնահատկությունները
Արտահանումը առևտրային ոլորտի ամենատարածված գործունեության տեսակներից մեկն է: Իսկ Հայաստանի նման փոքր երկրի համար այն ավելի նշանակալի դեր ունի:
- Փոքր երկրի սինդրոմ — Հայաստանը փոքր երկիր է, հետևաբար ունի քիչ թվով սպառողներ: Արտահանումը թույլ կտա ավելացնել այդ սպառողների քանակը, ինչն էլ իր հերթին կօգնի մեծացնել բիզնեսն ու ավելացնել աշխատատեղերը:
- Արտահանման «արժեք» — Արտահանում իրականացնող բիզնեսը ավելի արժեքավոր է, հետևաբար՝ ավելի հետաքրքիր օտարերկրյա ներդրողների համար:
- «Զրո» մրցակցություն — Արտահանում իրականացնող ընկերությունները մրցակիցների հետ խնդիրներ չեն ունենում, քանի որ արտահանման շուկան շատ լայն ու բազմազան է և բարդ մրցակցային դաշտ չի ստեղծվում:
Ի՞նչ է Հայաստանից արտահանվում
Հայաստանյան արտադրողների համար արտահանման շուկայի հիմնական ուղղություններն են ԵԱՏՄ-ն, ԵՄ-ն և ԵԱՏՄ-ից ու ԵՄ-ից դուրս գտնվող երկրները:

Հայաստանյան արտադրողների համար արտահանման շուկայի հիմնական ուղղություններն են ԵԱՏՄ-ն, ԵՄ-ն և ԵԱՏՄ-ից ու ԵՄ-ից դուրս գտնվող երկրները
Այս տարվա առաջին չորս ամիսներին՝ հունվար-ապրիլին, Հայաստանից արտահանվել է 692 մլն դոլարի ապրանք, որը 2019 թվականի նույն ժամանակաշրջանի համեմատ կրճատվել է 8.1%-ով։
- Հայաստանից դեպի ԱՊՀ երկրներ արտահանումը այս տարվա հունվար-ապրիլին կազմել է 190 մլն դոլար՝ կրճատվելով 10.2%-ով։
- Եվրամիություն է արտահանվել 152 մլն դոլարի ապրանք, անկումը՝ 11.7%:
- Եվ այլ երկրներ արտահանումը կազմել է մոտ 350 մլն դոլար՝ կրճատվելով 5.1%-ով։
- Ռուսաստանը շարունակում է մնալ Հայաստանի արտահանման կազմում ամենամեծ տեսակարար կշիռն ունեցող երկիրը: Այս տարվա հունվար-ապրիլին Հայաստանից արտահանված ապրանքների 25.1%-ը ուղևորվել է Ռուսաստան։ Բացարձակ թվով դա կազմում է 174 մլն դոլար։
- 2019 թվականի հունվար-ապրիլի համեմատ այս ծավալը 11.3%-ով նվազել է։ Հայաստանի մաքսային ծառայության՝ 2019 թվականի տվյալները ցույց են տալիս, որ Հայաստանից Ռուսաստան են արտահանվում բազմաթիվ ու ամենատարբեր ապրանքներ՝ սննդից, ծխախոտից ու հագուստից սկսած, մինչև՝ ոսկերչական իրեր։
Արտահանման ծավալներով երկրորդ տեղում Շվեյցարիան է: Հունվար-ապրիլին նշված երկրի տեսակարար կշիռը Հայաստանի արտահանման կազմում 15.1% է։ Արտահանվել է 104 մլն դոլարի ապրանք՝ 21.8%-ով պակաս, քան 2019 թվականի հունվար-ապրիլին։ Շվեյցարիան Հայաստանից գնում է հիմնականում պղնձի, մոլիբդենի և թանկարժեք մետաղի խտանյութ, ոսկի, ժամացույցների արտադրության համար նախատեսված մասեր։
Արտահանման կառուցվածքում երրորդ տեղում Արաբական Միացյալ Էմիրություններն է՝ 9.1% տեսակարար կշռով։ Հայաստանից ԱՄԷ արտահանումը, ի տարբերություն մի շարք ուղղությունների, կտրուկ աճել է։ Այս տարվա հունվար-ապրիլին անցած տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ 3.4 տոկոսով աճելով այն կազմել է 63 մլն դոլար: 2019 թվականին Հայաստանը ԱՄԷ է արտահանել ծխախոտ, թանկարժեք և կիսաթանկարժեք քարեր և ոսկերչական իրեր. ընդհանուր ծավալը չի գերազանցել 57 մլն դոլարը։
Հայկական ապրանքների արտահանման առաջատար 5-ում են նաև Բուլղարիան (տեսակարար կշիռը՝ 8.9%) և Չինաստանը (8.3%): Այս տարվա հունվար-ապրիլին երկու երկրների գծով էլ աճ է գրանցվել։ Դեպի Բուլղարիա արտահանումն աճել է 21.1%-ով, դեպի Չինաստան՝ 11.4%-ով։ Հայաստանը Բուլղարիա է արտահանում հիմնականում պղնձի խտանյութ։ Դեպի Չինաստան ևս արտահանվում է հիմնականում պղնձի խտանյութ, ինչպես նաև՝ մոլիբդենի խտանյութ։
Հայաստանի արտահանման գլխավոր շուկաներից են նաև Իրանը (արտահանվում է հիմնականում էլեկտրաէներգիա, որի դիմաց Իրանից ներմուծվում է գազ), Իրաքը (ծխախոտ), ԱՄՆ-ն (ալյումինե նրբաթիթեղ, ադամանդ, ոսկերչական իրեր), Վրաստանը (ծխախոտ, պղնձի խտանյութ և այլ տարատեսակ ապրանքներ) և Գերմանիան (հագուստ, ալյումինե նրբաթիթեղ, ծխախոտ)։
Այս տարվա հունվար-ապրիլին, նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ, զգալի կրճատվել է Հայաստանից դեպի Իրաք (-26.7%), Վրաստան (-28.7%), Գերմանիա (-26.2%) արտահանումը։ Փոխարենը աճել է դեպի Իրան (+56%), ԱՄՆ (+11.7%) արտահանումը, որը պայմանավորված է առաջին եռամսյակի արտահանման ծավալներով։
Այս տարի ամենայն հավանականությամբ Նոր կորնավիրուսի համաճարակով պայմանավորված՝ հանքահումքից բացի մնացած բոլոր ապրանքախմբերի արտահանման ցուցանիշները նվազել են:
Այս տարվա հունվար-ապրիլին Հայաստանից արտահանված 692 մլն դոլարի ապրանքների կազմում 35%-ը՝ հանքահումքն է, մոտ 23%-ը՝ պատրաստի սննդի արտադրանքը, 11%-ը՝ ոչ թանկարժեք մետաղներն ու դրանցից պատրաստված իրերն են, 10%-ը՝ թանկարժեք և կիսաթանկարժեք քարերն են, թանկարժեք մետաղներն ու դրանցից պատրաստված իրերը։ Էական կշիռ ունեն մանածագործական իրերը՝ 5.2%:
Էներգետիկա

Հայաստանում արևային էներգետիկան լավ հեռանկարներ ունի արևային օրերի մեծ քանակի պատճառով: Մասնագետները հույս են հայտնում, որ այն թույլ կտա երկրի էներգակիրներին նվազեցնել ներկրումը:
Հայաստանում արևային էներգետիկան լավ հեռանկարներ ունի արևային օրերի մեծ քանակի պատճառով: Մասնագետները հույս են հայտնում, որ այն թույլ կտա երկրի էներգակիրներին նվազեցնել ներկրումը: Նշվում է, որ երկրում արևային էներգիայի արտադրության ներուժը մոտավորապես 3000 ՄՎտ է, ինչը բավարար է ներքին պահանջարկի բավարարման և «մաքուր» էներգիայի արտահանման համար:
Հայաստանի կառավարության գնահատականներով, մեր երկիրն առավելություններ ունի եվրոպական երկրների նկատմամբ, որոնք ակտիվորեն ներդրումներ են կատարում արևային էներգիայի տեխնոլոգիաների մեջ։
Օրինակ՝ Հայաստանում 1 քմ հողի դիմաց տարեկան ստացվում է 1,7 հազար կՎտ/ժ արևի լույս, իսկ Եվրոպայում` միջինը՝ 1 հազար կՎտ/ժ:
Ըստ կանխատեսումների՝ առաջիկա 10 տարիներին Հայաստանը լիովին կհրաժարվի ջերմային էներգիայից, վերականգնվող և այլընտրանքային էներգիայի աղբյուրների զարգացման միջոցով: Իսկ երկրում ջերմային բլոկներից արտադրվող էլեկտրաէներգիան կօգտագործվի բացառապես արտաքին շուկաներին մատակարարելու համար:
Կարդացեք շուտով — Ինչո՞ւ հենց հիմա արժե Հայաստանում ներդրում անել արևային էներգակայան ստեղծելու մեջ
Հանքարդյունաբերություն
Հանքարդյունաբերությունը արտահանվող ապրանքանքախմբերից ամենամեծ մասնաբաժինն ունեցող ոլորտն է:
Անկախ Հայաստանի պատմության մեջ արտահանման ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել է 2016թ.: Այն կազմել է 1մլրդ 782 մլն դոլար` 2015թ. համեմատ գրանցելով 20% աճ կամ ավելանալով 300 մլն դոլարով:

Հանքարդյունաբերությունը արտահանվող ապրանքանքախմբերից ամենամեծ մասնաբաժինն ունեցող, սակայն միջնաժամկետ և երկարաժամկետ կտրվածքով ամենավնասաբեր ոլորտն է։ Լուսանկարը՝ ՀԲՃ
Արտահանման ընդհանուր տեսակարար կշռի շուրջ 69%-ը կամ 1մլրդ 224 մլն դոլարը բաժին է ընկել «Հանքահումքային արտադրանք», «Պատրաստի սննդամթերք», «Թանկարժեք, կիսաթանկարժեք քարեր, թանկարժեք մետաղներ» և «Ոչ թանկարժեք մետաղներ եւ դրանցից պատրաստված իրեր» ապրանքախմբերին: Իսկ սա փաստում է արտահանման կենտրոնացվածության բարձր մակարդակի մասին: Եթե հաշվի առնենք, որ տվյալ 4 ապրանքախմբերից 3-ն ուղղակի կամ անուղղակի կապված են հանքարդյունաբերության ոլորտի հետ, ստացվում է, որ հանքահումքային արտադրանքի ծավալը կազմում է ընդհանուր արտահանման կեսից ավելին:
Արտահանվող ապրանքատեսակների մեջ ամենամեծ մասնաբաժինն ունի պղինձը: Հայաստանից արտահանվում է երեք տեսակի պղինձ՝ պղնձի խտանյութ, չզտած պղինձ եւ պղնձի ջարդոն: Պղնձի արտահանումը Հայաստանում տարեցտարի աճող դինամիկա է արձանագրում:
Հայաստանից արտահանվող ամենախոշոր ապրանքատեսակի՝ պղնձի խտանյութի արտահանումը 2007-2016թթ. աճել է 4 անգամ, միեւնույն ժամանակ արտահանման տեսակարար կշռում պղնձի (խտանյութ, չզտած և պղնձի ջարդոն) արտահանումը 14%-ից հասել է 24-26%-ի: Նույն ժամանակահատվածում չզտած պղնձի եւ պղնձի ջարդոնի արտահանման ծավալները մնացել են գրեթե նույնը: Պղնձի խտանյութի արտահանումը 2007թ. համեմատ 2016թ․ աճել է ավելի քան 6 անգամ՝ 61 հազար տոննայից ՝ հասնելով 389 հազար տոննայի:
Հայկական պղնձի ամենամեծ ներմուծողը Չինաստանն է: Նրան հաջորդում են Բուլղարիան և Վրաստանը: Հայաստանից պղնձի խտանյութի, չզտած պղնձի եւ ջարդոնի ավելի փոքր խմբաքանակ են ներկրում նաև Ռումինիան, Շվեյցարիան, Գերմանիան:
Հանքահումքային մթերքների արտահանման կառուցվածքում շոշափելի մասնաբաժին ունի նաև ցինկի, մոլիբդենի և թանկարժեք մետաղների հանքաքարերի արտահանումը:
Կարդացեք շուտով — ինչո՞ւ հրաժարվել հանքարդյունաբերությունից և ո՞ր ոլորտները կարող են փոխարինել հանքարդյունաբերությանը
Մաքուր ջուր
Վերջին 6 տարիների տվյալներով՝ Հայաստանից տարեկան միջինն արտահանվում է 17 մլն լիտր ջուր:
Մասնավորապես, 2014-2019թթ.-ին արտահանվել է մոտ 100 մլն լիտր ջուր, այդ թվում և հանքային՝ 40 մլն ԱՄՆ դոլար ընդհանուր արժողությամբ:
2014-2019թթ. թեև քիչ քանակաությամբ, բայց Հայաստան նաև ջրեր են ներկրվել: Մասնավորապես 6 տարիների ընթացքում ներկրվել է 3 մլն լիտր խմելու և հանքային ջուր՝ 1,895 մլն ԱՄՆ դոլար ընդհանուր արժողությամբ: Հայաստանի ընդերքը հարուստ է հանքային ջրի պաշարով, որը բավարարում է ոչ միայն ներքին շուկային, այլև՝ կարող է հաջող կերպով արտահանվել արտաքին շուկա: Բայց հանքային ջրի շուկայում գործունեության համար կան մի քանի խոչընդոտներ։
Որպես առաջնային գործոններ առանձնացվել են ֆինանսական միջոցների բացակայությունը, ընթացակարգային խոչընդոտները, համապատասխան մասնագիտական կրթություն ունեցող աշխատուժի բացակայությունը, ազատ (որևէ ընկերության չպատկանող) հանքերի (հորատանցքերի) բացակայությունը և արտարժութային տատանումների անկանխատեսելիությունը:
Ընկերությունների շուրջ 75%-ն արտադրական հզորություններն օգտագործում է միայն մեկ քառորդի չափով: Մյուս կողմից էլ, տարբեր տարիներին պետական մարմինների ջրի արտահանման ծավալների մեծացման մասին հայտարարություններին բուռն են արձագանքում բնապահպանները, ովքեր կարծում են, որ երկրի ներսում արդեն իսկ կա խմելու և ոռոգման ջրի խնդիր և ճիշտ չի լինի մեծացնել արտահանման ծավալները:
Կարդացեք շուտով — ինչու՞ է անհրաժեշտ օր առաջ զբաղվել Հայաստանի ջրային ռեուրսների պահպանությամբ և ինչո՞ւ հենց հիմա պետք է ներդրումներ ներգրավել ջրային համակարգերի արդիականացման մեջ
Պտուղ-բանջարեղեն
Հայաստանից արտահանված թարմ պտուղ-բանջարեղենը, մասնավորապես՝ ծիրանը, այս տարի դարձավ բուռն քննարկման առարկա: Իհարկե, նման գովազդը երբեք չի խանգարի մեր երկրից արտահանված արտադրանքներին, բայց եթե անգամ չլիներ այդ ինքնաբուխ պրոպագանդան, Կորոնավիրուսի համավարակի պայմաններում անգամ Հայաստանից պտուղ-բանջարեղենի արտահանման ծավալների էական տատանումներ հիմնականում չեն նկատվում, արտահանումն իրականացվում է բնականոն հունով, հունիսի 30-ի դրությամբ արդեն արտահանվել է 7200 տոննա ծիրան: Այս մասին հայտնել են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից:

Հայաստանից պտուղ-բանջարեղենի արտահանման հիմնական շուկան ԵԱՏՄ-ն է
«Հունիսի 30-ի դրությամբ արդեն արտահանվել է 7200 տոննա ծիրան, 5489 տոննա խնձոր, 2864 տոննա կեռաս, 733 տոննա ելակ, ազնվամորի, որը նախորդ տարվա նույն օրվա դրությամբ բավականին աճել է, նախորդ տարվա հունիսի 30-ի դրությամբ արտահանվել էր 470 տոննա ելակ, ազնվամորի: Արտահանվել է նաև նուռ, սերկևիլ՝ 207 տոննա, թուզ՝ 111 տոննա: Հայաստանից արտահանվել է արդեն 20 հազար 235 տոննա լոլիկ, 4512 տոննա վարունգ, 1846 տոննա ծաղկակաղամբ, բրոկոլի»,-հայտնել են նախարարությունից:
Արտահանման հիմնական շուկան ԵԱՏՄ-ն է, որի առյուծի բաժինը Ռուսաստանինն է: Որոշ մշակաբույսերի մասով Վրաստանը թե տրանզիտային երկիր է, և թե արտահանման ուղղություն:
Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտ
Ապրանքների և ծառայությունների արտահանման կառուցվածքում ՏՀՏ ապրանքների և ծառայությունների մասնաբաժնով (5%) Հայաստանը առաջատար է ԵԱՏՄ երկրների շարքում։ Այս մասին տեղեկացնում է Ամերիա խորդրդատվական ընկերությունը։
ՏՀՏ ոլորտի արագ զարգացման արդյունքում 2014-2018թթ-ի ընթացքում ՏՀՏ ծառայությունների արտահանումը Հայաստանից աճել է գրեթե 2 անգամ՝ ունենալով 18% միջին տարեկան հավելաճի տեմպ, սակայն ՏՀՏ ապրանքների արտահանումը իր ծավալներով շարունակում է մնալ խիստ սահմանափակ՝ 2014-2018թթ-ի ընթացքում արձանագրելով առավելագույնը $7.5 մլն ծավալ:
Արտահանման կառուցվածքում ՏՀՏ ապրանքների և ծառայությունների մասնաբաժնով Հայաստանը գերազանցում է նաև Հունաստանին և Թուրքիային, իսկ տարածաշրջանում և բացարձակ արժեքով, և մասնաբաժնի մեծությամբ Հայաստանը գերազանցում է Վրաստանին և Ադրբեջանին:
Ի տարբերություն այլ ոլորտների՝ ՏՀՏ ոլորտի ապրանքների և ծառայությունների արտահանման վրա COVID-19 շատ մեծ ազդեցություն չի ունենա: Սակայն, 2020 թ. կարող է նկատվել որոշակի պահանջարկի անկում, հատկապես արդյունաբերական ուղղվածությամբ արտադրանքի համար, այնուամենայնիվ, հետագայում այն նույնպես զգալի աճի հնարավորություններ կունենա:
Կարդացեք շուտով — Ստարտափ էկոհամակարգը Հայաստանում․ ՏՏ ոլորտի առավելությունները՝ ներդրումների տեսանկյունից
Ծառայություններ
Եթե ապրանքների առևտրի դեպքում Ազգային վիճակարգական ծառայությունը բավականին մանրամասն, ընդլայնված տեղեկատվություն է տրամադրում, ԱՎԾ ստանդարտ զեկույցներում ծառայությունների վերաբերյալ տվյալներ չեն ներկայացվում: Ծառայությունների առևտրի ցուցանիշները հակիճ, եռամսյակային պարբերականությամբ ներկայացվում են վճարային հաշվեկշռի շրջանակներում: Այնինչ ծառայությունները կազմում են ՀՀ արտահանման 44.2 %-ը (2018 թ.):
Վերջին երկու տասնամյակներում համաշխարհային առևտրում ծառայությունների կշիռն անշեղորեն աճում է, որն ունի իր տրամաբանական պատճառները, որոնցից ամենածանրակշիռը տեխնոլոգիական առաջընթացն է:
Բարձր տեխնոլոգիաները թույլ են տալիս ծառայություններ մատուցել մեծ տարածությունների վրա առանց գնորդի և վաճառողի ֆիզիկական ներկայության: Տեխնոլոգիաները ստեղծում են ծառայությունների առաքման առավել ծախսաարդյունավետ ուղիներ՝ գործարքային ծախսերի նվազեցման և լոգիստիկ ցանցերի բարելավման միջոցով:
2000 թ. համեմատությամբ ծառայությունների արտահանումն ավելացել է 15 անգամ, այն դեպքում, որ ապրանքների արտահանումը նույն ժամանակահատվածում ավելացել է 8.3 անգամ: Ընդ որում, ավանդական ծառայությունների (տրանսպորտ, զբոսաշրջություն, շինարարություն, անձնական, մշակութային և ռեկրեացիոն ծառայություններ) տեսակարար կշիռը նվազում է, փոխարենը աճում է ժամանակակից բարձրտեխնոլոգիական ծառայությունների (գործարար ծառայություններ (ներառյալ ԳՀՓԿԱ և խորհրդատվական ծառայությունները), համակարգչային և տեղեկատվական ծառայություններ, ֆինանսական ծառայություններ, մտավոր սեփականության հետ կապված ծառայություններ) մասնաբաժինը ՀՀ ծառայությունների արտահանման մեջ:
Հատկանշական է, որ Ազգային վիճակարգրական ծառայությունը ծառայությունների առևտրի աշխարհագրական կառուցվածքի վերաբերյալ տվյալներ չի հրապարակում:
Արդյո՞ք Հայաստանը կկարողանա առաջիկա տասնամյակում ներկրող երկրից վերաճել արտահանող երկրի
Ցանկացած երկրի տնտեսական հզորության գնահատման հիմնական ցուցանիշը ՀՆԱ-ն է՝ Համախառն ներքին արդյունքը, որը հաշվարկվում է հետևյալ բանաձևով՝ ՀՆԱ=սպառում+ներդրումներ+պետական գնումներ+զուտ արտահանում:
Բանաձևից պարզ է դառնում, որ ՀՆԱ-ի վրա մեծ ազդեցություն ունի զուտ արտահանման ցուցանիւշը, որն իրենից ներկայացնում է արտահանման և ներմուծման տարբերությունը: Հետևաբար, եթե այդ տարբերությունը դրական թիվ է, ապա ՀՆԱ-ի մեծությունը ավելանում է: Բայց, ավաղ, աշխարհում քիչ են այն երկրները, որտեղ այդ ցուցանիշը դրական է, և Հայաստանը, այդ ցանկում չէ:
Այն, որ ներմուծման ցուցանիշը շատ ավելի մեծ է, քան արտահանման ցուցանիշը, ունի իր պատճառները ու դրանք քիչ չեն՝ սկսած մեր երկրի աշխարհագրական դիրքից, վերջացրած՝ բիզնեսի առանձին բաղադրիչների, մասնավորապես ՝ մարկետինգի թույլ զարգացվածությունը: Այնուամենայնիվ ոլորտի ուսումնասիրությունը թույլ է տալիս որոշակի ձևակերպում տալ այն հարցին, թե ինչ և ինչպես պետք է արտահանել Հայաստանից: Այսպիսով.
- Քանի որ Հայաստանն իր արտահանման ծավալներով չի կարող մրցել մեծ պետությունների հետ, ապա շեշտը պետք է դնել ապրանքների պրեմիում սեգմենտի վրա: Այսինքն մասնագետները խորհուրդ են տալիս ՀՀ-ից արտահանել թանկարժեք ապրանքներ՝ մսամթերք, թեյ, սուրճ, շոկոլադ, զարդ, ժամացույց և դա անել ոչ թե շուկայական ծավալների, այլ՝ բարձրակարգ խանութների, սուպերմարկետների համար: Այդ կերպ արտահանողը կխուսափի տեղափոխման համար՝ ապրանքից թանկ վճարելու խնդրից:
- Արտահանվող ապրանքի ժամկետային ցանկալի ցուցանիշը 90+ օրն է: Կարճ ժամկետներում որակական հատկանիշները փոխող ապրանքի արտահանումը ռիսկային է, հատկապես, եթե հաշվի առնենք այն հանգամանքը, որ գնային առումով առավել ձեռնտու տեղափոխման ճանապարհը ցամաքայինն է:
- Մարկետինգային առումով խորհուրդ է տրվում արտահանումից առաջ ճշտել ցանկալի շուկայի առանձնահատկությունները, ստեղծել հնչեղ, բայց և բոլորին հասկանալի անուն, ապահովել ապրանքի պրեմիում դասի փաթեթավորումն ու որակը, անել հնարավոր ամեն ինչ ապրանքի կեղծումները թույլ չտալու համար:
- Տեղանքային առումով մասնագետները խորհուրդ են տալիս արտահանումը սկսել մոտակա շուկաներից: Այդպես ոչ միայն կունենաք տեղափոխման խելամիտ ծախսեր, այլև՝ հնարավորինս ծանոթ կլինեք հարևան ժողովրդին, ովքեր այս պարագայում ձեր պոտենցիալ սպառողներն են, պատկերացում կունենաք նրանց նախասիրությունների մասին, որոնք, ընդ որում, ոչ այնքան շատ կտարբերվեն սեփական շուկայի սպառողներից, որքան դա կարող է լինել բոլորովին այլ մշակույթ ու կենցաղ ունեցող երկրների սպառողների դեպքում:
- Արտահանման գործունեությունը ունի նաև իրավական առանձնահատկություններ, որոնց մասին կարող եք տեղեկանալ՝ մոտենալով Պետական եկամուտների կոմիտեի մոտակա բաժին կամ զանգահարելով նրա թեժ գծին՝ 060-54-44-44 հեռախոսահամարով:
Հայաստանյան արտահանման շուկան բազմազան է, արտահանողները՝ ևս, բայց կա մի բան, որ բոլորը միասին արտահանում են Հայաստանից, այն է՝ Արտադրված է Հայաստանում կամ Made in Armenia համահայկական բրենդը:
Յուրաքանչյուր արտահանողից է կախված, թե ինչ տպավորություն ու ասոցացիա կառաջացնի այդ արտահայտությունը աշխարհի ցանկացած երկրում, հետևաբար՝ կզարգանա մեր արտահանման պոտենցիալը, թե ոչ: Այս մակնշմամբ ցանկացած ապրանք կամ ծառայություն ՀՀ սահմաններից հանող մարդու պատասխանատվության ներքո է ոչ միայն մեր երկրի իմիջը, այլև՝ նրա զարգացման արագությունն ու արդյունավետությունը:
.
Սիրարփի Թելիմյան // RealBusiness.am
Սիրարփին ֆրիլանս լրագրող է, արդեն 10 տարի լուսաբանում է բիզնես և տուրիստական ոլորտի վերլուծական թեմաներ տարբեր լրատվական և վերլուծական ռեսուրսների համար։
☑ Twitter ☑ Linkedin