Ինչպիսին կլինի ներդրումային միջավայրն ու ինչ ռիսկեր կան բիզնեսում․ կանխատեսումներ և տենդենցներ Հայաստանում 2020թ․-ի համար։
Գնահատել կորոնավիրուսային համավարակի ազդեցությունն ու պատճառած ճգնաժամը, անխոս դեռևս վաղ է, սակայն ունենալ ճգնաժամից դուրս գալու և զարգացման սցենարներ անհրաժեշտ է անգամ ներկա անկանխատեսելի, ոչ ստաբիլ իրավիճակում։
Այն, որ աշխարհն այլևս նույնը չէ, կամ գոնե չի լինի առաջիկա մեկ-երկու տարիների ընթացքում, արդեն ակնհայտ է՝ համաձայն տարբեր հեղինակավոր մասնագետների ու կառույցների վերլուծության ու կանխատեսումների։
Չնայած այն բանին, որ կորոնավիրուսային հիվանդությունը մահացության մակարդակով (մոտ 5.45%) բարձր է թերևս միայն H1N1 հիվանդության մահացության մակարդակից (0.02%), համաշխարհային տնտեսությանը պատճառած վնասով բացարձակ ռեկորդակիր է՝ որոշ ցուցանիշերով գերազանցելով անգամ 2008թ. համաշխարհային տնտեսական ճգնաժամի վնասները։

Այն, որ աշխարհն այլևս նույնը չէ, կամ գոնե չի լինի առաջիկա մեկ-երկու տարիների ընթացքում, արդեն ակնհայտ է
Թարմացված Բրետտեն-Վուդյան կոմիտետի գործադիր տնօրեն Մարկ Ուզանի կարծիքով համաշխարհային տնտեսությունը գլոբալ մեկուսացումից դուրս կգա ամբողջովին ձևափոխված։ Տեղի ունեցած փոփոխություններն է՛լ ավելի զգալի ու սթրեսային կլինեն, քան օրինակ Մեծ դեպրեսիայի ու Մեծ հետընթացի տարիներից հետո։ Մասնագետի կարծիքով մակրոտնտեսական տեսանկյունից ՏՀԶԿ (Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպություն) անդամ երկրներում, ինչպես նաև զարգացող տնտեսությամբ երկրներում կնկատվի պետական բյուջեի հսկա դեֆիցիտ և համաշխարհային մասշտաբով պարտքի աննախադեպ աճ։
Հայաստանի տնտեսական վիճակը մինչ համավարակը։
Հայաստանի բիզնես ակտիվությունը մինչ պանդեմիան
Եվրոպական տարածքում 2019 թվականի թվյալներով ամենբարձր ՀՆԱ (7.6%) աճը գրանցած Հայաստանն անցած տարվա ընթացքում արտահանել է մոտ 2.6 միլիարդ ԱՄՆ դոլարի արժողությամբ ապրանքներ:
Հայաստանն ունի երկկողմ ներդրումների խթանման և պաշտպանության պայմանագրեր 40 երկրների հետ և ԱՊՀ երկրների հետ ազատ առևտրի պայմանագրեր՝ պոտենցիալ շուրջ 250 միլիոն մարդու շուկայի հնարավորություններով: Ինչը գրավիչ է դարձնում երկրի նրդրումային միջավայրը։
2019 թվականի ամփոփիչ տվյալների համաձայն արդյունաբերության ոլորտը գրանցել է 9.3%, ծառայությունները՝ 15%, ներքին առևտրաշրջանառություն՝ 9.2%, շինարարությունը՝ 4.5 % աճ, իսկ արտահանումն աճել էր 9%-ով։
Հայաստանի տնտեսությունը պանդեմիայի ժամանակ
Համաձայն մայիսի կեսին հրապարակված Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) կանխատեսումների՝ 2020 թվականին Հայաստանի ՀՆԱ անկումը 3,5% կլինի, միևնույն ժամանակ կանխատեսելով ՀՆԱ-ի 5,5 % աճ արդեն 2021 թվականի համար։
Ըստ ՎԶԵԲ-ի հրապարակման կորոնավիրուսային ճգնաժամը ընդհանուր առմամբ կբերի գլոբալ անորոշության ու նվազող պահանջարկի՝ զուգակցվելով պարենային ապրանքների գների անկայունությամբ։
Կնվազեն հանքարդյունաբերական արտադրանքի արտահանման ծավալները, ինչպես նաև զգալիորեն կկրճատվեն Ռուսաստանի հետ տնտեսական կապերն ու դրամական փոխանցումները՝ պայմանավորված հսկա ծավալով արտագնա աշխատուժի և դրանով պայմանավորված դրամական տրանսֆերների կրճատումով։
Տեղաշարժի և սոցիալական սահմանափակումները նաև մեծ վնաս են հասցրել Հայաստանի տուրիզմի ոլորտին, որն անմիջապես կախված է օտարերկրյա այցելություններից։ Համաձայն վերլուծության՝ տուրիզմի, սպասարկման և զվարճանքի ոլորտները կորուստները կկարողանան վերականգնել միայն 2020 թվականի երրորդ կիսամյակից սկսած՝ վիրուսի տարածմանը զսպելուն ուղղված քայլերի թուլացումից հետո։
Կորուստ գրանցած գրեթե բոլոր ոլորտների համար բիզնես ակտիվությունը կանխատեսվում է 2020 թվականի երրորդ եռամսյակից սկսած։
Վերջերս հրապարակված «ՀՀ սոցիալ-տնտեսական վիճակը 2020թ․ հունվար-ապրիլ ամիսներին» հաշվետվության համաձայն՝ այս պահի դրությմաբ ունենք հետևյալ պատկերը․
· Արդյունաբերության 8,6% կրճատում
· Շինարարության 21% կրճատում
· Տրանսպորտի ոլորտի 2% աճ՝ պայմանավորված երկաթուղային փոխադրումներով (աճը՝ 7.8 %)։ Ավտոմոբիլային փոխադրումները նվազել են 4.2%-ով, իսկ ավիափոխադրումները՝ 12.5%-ով
· Կապի ոլորտի 2.8% կրճատում
· Առևտրի ոլորտի 8.6% կրճատում
Հետհամավարակային տնտեսությունը Հայաստանում․ կանխատեսումներ
Համաձայն Կենտրոնական Բանկի՝ մինչև տնտեսական սահմանափակումների սկիզբը 2020-ի առաջին եռամսյակում Հայաստանի տնտեսությունը գրանցել է 8,7% աճ։ Սակայն հաշվի առնելով երկրորդ եռամսյակում սկսված կորոնավիրուսային ճգնաժամը՝ 2020 թվականի համար կանխատեսված 5,3% տնտեսական աճը ԿԲ իջեցրել է մինչև 0,7%։
Համաձայն ԿԲ փորձագետների կանխատեսումների՝ ՀՀ տնտեսական աճը 2020-ին զգալիորեն կնվազի, սակայն անորոշությունների ու սահմանափակումների նվազման հետ, առաջիկա մեկ տարվա ընթացքում կվերադառնա ներուժային մակարդակին՝ կազմելով 7,2%։
Որտեղ կատարել ներդրումներ
Կարանտինն ու «տնային կալանքը» բերեցին նրան, որ շատերիս մոտ հիմնական առաջնահերթությունները կենտրոնացան Մասլոուի բուրգի ամենացածր երկու՝ պարենի, սննդի, անվտանգության, այդ թվում նաև պարենային անվտանգության մակարդակներում։
Աշխարհը դեռ գտնվում է անորոշության կորի ստորին հատվածում, սակայն մասնագետների կարծիքով 2020 թվականի ճգնաժամից կարելի է եզրակացություններ անել՝ թիրախավորելով ապագայում ներդրումների համար ամենաճիշտ ուղղությունները։
Առաջիկա ճգնաժամերին դիմակայելու համար ներդրումային կարևոր ուղղություններից է համարվում գյուղատնտեսությունը՝ հատկապես առաջին անհրաժեշտության պարենի արտադությունը։ Սա առաջին հերթին նաև պարենային անվտանգության և ինքնաբավ լինելու հարց է, քանի որ ճգնաժամային իրավիճակներում առաջին անհրաժեշտության պարենի պակասը կարող է մի քանի օրում քաոսային իրավիճակ ստեղծել ու մեծ ցնցումների պատճառ դառնալ։
Շուկայական ֆունդամենտալիստներն, իհարկե, ժխտում են նման իրավիճակների բարձր հավանականությունը՝ հույսը դնելով շարունակական ազատ տեղաշարժման ու անխաթար ապրանքաշրջանառության վրա, սակայն հաշվի չեն առնում շուկայի ձախողումներն ու ճգնաժամերը, որոնց առերեսվում ենք ժամանակ առ ժամանակ: Ներկայիս ճգնաժամը ցույց տվեց, որ նման իրավիճակները հավանական են ու ֆանտաստիկ սարսափ պատմություններ չեն։
Ինչպիսի հնարավորություններ կան բիզնես դաշտում
NYU Stern School of Business-ի ստրատեգիական կանխատեսումների մասնագետ Էմմի Ուեբը (Amy Webb, NYU Stern School of Business) կարծում է, որ մեր բախտը բերել է առերեսվել այս ճգնաժամին տեխնոլոգիական դարաշրջանում։ Սա մեզ հնարավորություն տվեց շարունակել շփվել, սովորել, աշխատել, թեկուզ առցանց, բայց չկանգնել։ Եթե դա տեղի ունենար 20 տարի առաջ, իրավիճակն իրոք լուրջ կլիներ։
Ներկա անսպասելի ճգնաժամը մեզ ստիպում է լրջորեն մտածել, ներդրումներ կատարել օրինակ էլեկտրոնային կառավարման համակարգերի մեջ, քանի որ փորձը ցույց տվեց, որ այն երկրները, որոնք ունեն զարգացած էլեկտրոնային կառավարման գործիքները, շատ ավելի կազմակերպված և անցնցում են դիմակայում ներկա ճգնաժամին։ Օրինակ՝ Սինգապուրում մինչև համավարակի պատճառով մեկուսացումը մոտ 20 հազար տանից աշխատող մարդ կար։ Գլոբալ ինքնամեկուսացումն ու տանից աշխատելը նրանց համար նորույթ չէին, ինչն իր հերթին օգնեց ռիսկերին դիմակայելուն։
Էլեկտրոնային կառավարման կարևորությունը ոչ միայն միջավայր, գործիքներ ստեղծելու մասին է, այլև նպաստում է ՏՏ ինֆրակառուցվածքների ստեղծմանն ու խթանմանը։ Էլեկտրոնային կառավարման առավելագույն զարգացման մակարդակն արհեստական բանականությունն է։
Հայաստանում ՏՏ, ինչպես նաև մաթեմատիկական մոդելավորման զարգացման համար մեծ պոտենցիալ ու հեռանկարներ կան։
Վերջին ամիսներին մեծ հետաքրքրություն է առաջացրել վիրուսոլոգիան։ Այս ճգնաժամը մեծացրեց հետաքրքրությունը գենետիկական ինժեներիայի և հաշվողական կենսաբանության, ինչպես նաև արհեստական ինտելեկտի նկատմամբ։
Համաճարակի հետևանքով մեծ հետաքրքրություն է առաջացել կենսաբանական ու վիրուսոլոգիայի ոլորտում աշխատող, ինչպես նաև մաթեմատիկական բարդ մոդելներ մշակող ընկերությունների նկատմամբ: Մեծ է նաև հետաքրքրությունը բարձր տեխնոլոգիաները լոգիստիկայի, մատակարարման ցանցերի, ինչպես նաև կլիմայի փոփոխության հետ կապված ալգորիթմեր մշակող թիմերի հանդեպ։
Ոչ պակաս կարևորություն ստացան նաև տարբեր ախտահանման միջոցներ, պաշտպանիչ միջոցներ արտադրող ընկերությունները, որոնց արտադրանքի հանդեպ հետաքրքրությունը դեռ երկար չի նվազի։
Աշխարհն արդեն փոխվել է, իսկ առաջիկայում տեղի կունենան առաջնահերթությունների տեկտոնական շարժեր, որոնց մենք պետք է պատրաստ լինենք։ Ճիշտ թիրախավորված բիզնես ներդրումներն ու ծրագրերը կարող են ապահովագրել երկիրն ապագա ցնցումներից ու ապահովել ստաբիլ զարգացում։
.
Փեփրոնե Բադալյան // RealBusiness.am
Փեփրոնեն հանդիսանում է ֆրիլանս քոնթենթ-մեյքեր և Քոփիռայթեր՝ 5+ տարվա փորձով։ ՀԻմնական ուղղություններն են՝ ֆոտո բովանդակություն, բիզնես և տեխնոլոգիական վերլուծական հոդվածներ և այլն։
☑ Instagram ☑ Linkedin