Շինարարական բումը Հայաստանում
Ի՞նչ ապագա է սպասվում Հայաստանի շինարարության ոլորտում
Ինչպես տնտեսության գրեթե բոլոր ճյուղերն, այնպես էլ շինարարության ոլորտը վերջին 7 ամիսների ընթացքում զգալի վնասներ է կրել․ համաձայն Վիճակագրական կոմիտեի՝ անցած տարվա հինգ ամիսների համեմատ շինարարության ծավալները 23.4%-ով կրճատվել են։
Վերջին տասը տարիների կտրվածքով Հայաստանում շինարարական ոլորտը անկում էր ապրում, ընդ որում 2009 թվականին այդ անկումը, կապված համաշխարհային տնտեսական ճգնաժամի հետ, շեշտակի էր։ Մինչև 2018 թվականը անկման այդ միտումը պահպանվում էր, իսկ 2018-2019 թվականներին ոլորտը վերջապես սկսել էր աճ գրանցել։
Պատմական ակնարկ․ շինարարական «փուչիկի» ֆենոմենը

2018-2019 թվականներին շինարարության ոլորտը վերջապես սկսել էր աճ գրանցել
Համաշխարհային տնտեսական ճգնաժամին նախորդող 5 տարիները Հայաստանի, մասնավորապես, հայկական շինարարական ոլորտի համար աննախադեպ աճի տարիներ էին։ 2005 թվականին ոլորտի տարեկան աճը կազմել է շուրջ 40% և դարձել ՀՀ տնտեսության լոկոմոտիվ։ Այդ ակտիվությունը մասնագետները բացատրում էին բնակարանային շինարարության ծավալների ավելացմամբ, արտասահմանից հոսող տրասնֆերների աճով և մասնավոր ներդրումներով։
Հետագայում արդեն այդ տարիների շինարարական բումը նախկին վարչապես Տիգրան Սարգսյանի կողմից անվանվեց «շինարարական փուչիկ», իսկ նախկին իշխանությունները մեղադրվեցին շինարարական ոչ համաչափ աճի հաշվին տնտեսական աճի ապահովման մեջ։
Բազմաթիվ տնտեսագետներ համաձայն էին այդ պնդման հետ՝ վտանգ տեսնելով տնտեսության ոչ արտահանելի մասի աճի և դրամի ոչ ադեկվատ գերարժեվորման մեջ։ Վախերն անհիմն չէին, և արդեն 2009 թվականին շինարարության ոլորտը շեշտակի անկում ապրեց (շինարարության ծավալները միանգամից ընկան 37.4%-ով)՝ ապացուցելով մասնագետների վատթարագույն կանխատեսումները։
Անկումների տասնամյակը ծանր հարված էր ոլորտի համար, և այն ընդհուպ մինչև 2017 թվական ուշքի չէր գալիս։ Վերջին երկու տարիների աճի միտումը հույսեր արթնացրեց՝ գրանցելով 435 մլրդ դրամի շինարարական ծավալ, ընդ որում այդ ծավալի ամենամեծ 42 %-ը՝ մոտ 183 մլրդ դրամը բաժին է ընկել կազմակեպությունների կողմից իրականացված աշխատանքներին, 29.5 %-ը կամ 128.5 մլրդ դրամը՝ պետական շինարարական աշխատանքներին, 25.2 %-ը կամ 109 մլրդ դրամ ծավալն իրականացվել է բնակչության միջոցներով, իսկ մնացյալը՝ համայնքային կամ մարդասիրական օգնության շրջանակում։
Պետական բյուջեից տրամադրվող միջոցներով կատարված շինարարական ծավալները 2019 թվականին նախորդող՝ 2018 թվականի համեմատ աճել էին 8.9 %-ով, մասնավոր կազմակերպությունների կողմից իրականացվող աշխատաքների ծավալները՝ 1.4 %-ով, իսկ բնակչության կողմից կատարված շինարարական աշխատանքները՝ 6.1 %-ով։ 2019 թվականին ակնհայտ էր, որ Հայաստանի Հանրապետությունը կանգնած է նոր շինարարական բումի նախաշեմին։
Սակայն արդեն նոր՝ գլոբալ առողջապահական ճգնաժամը նորից արգելակեց զարգացման բնական միտումներն ու խառնեց բոլոր խաղաքարտերը։
Շինարարական ոլորտի ներկան, միտումներն ու ապագան
Ինչպես տնտեսության գրեթե բոլոր ճյուղերն, այնպես էլ շինարարության ոլորտը վերջին 7 ամիսների ընթացքում զգալի վնասներ է կրել:
Համաձայն Վիճակագրական կոմիտեի՝ անցած տարվա հինգ ամիսների համեմատ շինարարության ծավալները 23.4%-ով կրճատվել են․ կատարվել է ընդամենը 77.5 մլրդ դրամի շինարարություն։
Ընդ որում ոլորտային անկումը մարտ ամսին կազմում էր 26.2%՝ համեմատած նախորդ 2019-ի նույն ժամանակահատվածի հետ, իսկ ապրիլ ամսին գրանցվել է ավելի խորը՝ 51% անկում՝ կապված խիստ սահմանափակումների հետ։ Սահմանափակումների աստիճանական թուլացման հետ շինարարական ծավալները փոքր-ինչ կրճատեցին անկման մասշտաբները՝ մնալով 27% անկման ցուցանիշի վրա։
Այս պահի դրությամբ շինարարության ոլորտի գրեթե բոլոր ճյուղերն ունեն հետընթաց՝ համեմատած նախորդ երկու տարիների ցուցանիշենրի հետ։
Համաձայն Վիճակագրական կոմիտեի հրապարակած հաշվետվության՝ ներկայումս ամենամեծ ծավալով շինարարությունը կատարում են մասնավոր կազմակերպությունները՝ նորակառույց շենքերի մասով, ընդ որում այս տարվա առաջին կեսի տվյալներով իրականացված 40.8 մլրդ աշխատանքները 17.9%-ով զիջում են նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշներին։
Նախորդ տարիներին զգալի աճ ունեցած նոր բազամաբնակարանային շենքերի կառուցումը հիմնականում իրականցրել են հենց մասնավոր կազմակերպությունները, իսկ ոլորտի ակտիվությունը մասնագետները կապում են հայտնի եկամտային հարկի վերադարձի օրենքով։
Պետական միջոցներով իրականացվող շինարարության ծավալներն այս տարվա առաջին կիսամյակում նույնպես նվազել են 28%-ով՝ կազմելով 17.4 մլրդ դրամ։
Բնակչության կողմից իրականացվող շինարարարական աշխատանքների ծավալները 2020 թվականի առաջին կիսամյակում կազմել են 18.5 մլրդ՝ գրանցելով 28%-ով՝ համեմատած նախորդ տարվա տվյալների հետ։ Սակայն այս ճյուղի վերլուծականը թերություններ ունի, քանի որ Վիճակագրական կոմիտեն ոչ միշտ է ճիշտ տվյալներ տալիս հենց այս հատվածի հետ կապված։
Ամենափոքր բաժինը շինարարական ոլորտի մեջ ունի համայնքային և մարդասիրական օգնության միջոցներով իրականացվող հատվածը։ Այստեղ համայնքային միջոցներով կատարված շինարարական աշխատանքների ծավալը կազմել է 0․5 մլրդ դրամ՝ գրանցելով 4․1% աճ, իսկ մարդասիրական օգնության միջոցներով իրականացվող շինարարական աշխատանքերը կրճատվել են 82․4%-ով՝ գրանցելով 0․15մլրդ դրամի ծախս։
Եկամտահարկի վերադարձի օրենքի ապագան
Ի՞նչ փոփոխությունների կենթարկվի եկամտահարկի վերադարձի օրենքը և ինչ ազդեցություն կունենա այն Հայաստանում շինարարության ոլորտի և նորակառույցներում բնակարաններ գնողների վրա։
Համաձայն եկամտային հարկի վերադարձի օրենքի եկամտային հարկը նախատեսվում է կառուցապատողից գնվող տան կամ բնակարանի հիփոթեքային վարկի ⦾ տոկոսադրույքների մարմանը, ինչն արդեն զգալիորեն ակտիվացրել էր հիփոթեքային շուկայի և նորակառույցների շինարարության աճին։

Ներկա պահին քննարկումներ են գնում եկամտային հարկի վերադարձի օրենքը ⦾ մայրաքաղաքի առաջնային և երկրորդային գոտիներում կասեցնելու մասին
Ներկա պահին քննարկումներ են գնում եկամտային հարկի վերադարձի օրենքը ⦾ մայրաքաղաքի առաջնային և երկրորդային գոտիներում կասեցնելու մասին, քանի որ այդ տարածքներն արդեն շինարարական տեսանկյունից ծանրաբեռնված են․ նորակառույցները շենքերն արդեն իսկ հանգեցրել են Երևանի կենտրոնի գերբնակեցմանը ⦿։
Եկամտահարկի մասին օրենքն հատկապես ծանր բեռ է պետության համար։ Օրինակ՝ 2019 թվականին այս ծրագրի շրջանակում արդեն իսկ վերադարձվել է 7,9մլրդ դրամի եկամտահարկ՝ ուղղելով այն նորակառույց բնակարանների ու տների գնման հիփոթեքային վարկի տոկոսադրույքների մարմանը։
Մեկնարկելով եկամտահարկի վերադարձի ծրագիրը՝ պետությունն ի սկզբանե նպատակ ուներ խթանել կառուցապատման և շինարարական աշխատաքները և աջակցել ոչ բարձր եկամուտ ունեցող ընտանիքներին բնակարանային խնդիրները լուծելու հարցում։ Սակայն իրականում այս օրենքից ավելի շատ օգտվում են միջին և բարձր եկամուտներ ունեցողները։
Ոլորտի ներկայացուցիչները համոզված են, որ եթե օրենքի այդ փոփոխություններն ընդունվեն, ապա դա բացասական ազդեցություն կունենա կատարվող շինարարական աշխատանքների ծավալի վրա։
—————————————————————

«Երկիր» անշարժ գույքի գործակալության մասնագետները պատրաստ են օգնել հիփոթեքային վարկով բնակարան կամ առանձնատուն ձեռք բերելու և շուկայում առկա առաջարկները համեմատելու հարցում։ Խորհրդատվության և առաջարկների համար կապվեք մեզ հետ՝
Անվճար խորհրդատվություն
—————————————————————
Ինչ ապագա է սպասվում շինարարական ոլորտին Հայաստանում
Շինարարական ոլորտը միշտ էլ եղել է Հայաստանի տնտեսության կարևորագույն ճյուղերից մեկն՝ ապահովելով տնտեսական աճի մեծ բաժին։ Վերջին 10-11 տարիների կտրվածքով այդ կշիռը փոքրացել է՝ ՀՆԱ 25-30% բաժնից հասնելով 6.2% (2019 թվականի վիճակագրական տվյալների համաձայն)։
Համավարակն իր ներդրումն է ունեցել ոլորտի վրա՝ առաջ բերելով եկամտի, աշխատատեղերի և շրջանառության զգալի կրճատումների։
Պետք է նշել սակայն, որ արդեն ապրիլ ամսվա կեսերից բացօթյա շինարարական աշխատանքների շարժը նկատելի էր։ Սակայն, քանի դեռ առկա են շինանյութի ներմուծման հետ կապված խնդիրներն ու ճգնաժամով պայմանավորված պահանջարկի անկում, այդ աշխուժության տեմպերը դանդաղ են։
Ընդ որում, ոլորտի ներկայացուցիչների կարծիքով՝ սեկտորը մեծ կորուստներից փրկել կարող է եկամտային հարկի վերադարձի ծրագրի կասեցման չեղարկումը, քանի որ ծրագրի կասեցումը կբերի առաջնային շուկայից ձեռք բերվող տների և բնակարանների պահանջարկի կտրուկ անկման, հետևաբար նաև՝ շինարարական աշխատանքների կտրուկ կրճատման։ Համաձայն Կենտրոնական բանկի՝ սպասվում է 4%-անոց տնտեսական անկումը, ընդ որում՝ ամենամեծ անկումը կանխատեսվում է հենց շինարարական ոլորտում՝ -11.2%։
Շինարարական ոլորտին օգնելու տարբերակները
Ոլորտի ներկայացուցիչների, ինչպես նաև տնտեսագետների կարծիքով գլոբալ ճգնաժամերի ժամանակ ամենաշատ տուժող ոլորտը միշտ էլ շինարարական սեկտորն է լինում։ Սա մի իրականություն է, որն ընդունելն ու կանխարգելիչ կամ գոնե մեղմիչ գործողություններ իրականացնելը մեր օրակարգային հարցերից պիտի դառնա։
Ըստ մասնագետների կան մի քանի ուղղություններ, որոնց պետք է ուշադրություն դարձնել։
Ուղղություններից առաջինն արդեն նշված եկամտահարկի վերադարձի ծրագրի կասեցման չեղարկումն է։ Այդ քաղաքականությունը կառուցապատողներին չի ստիպի դադարեցնել նոր շինարարական պրոյեկտների իրականացումն, այլ նաև կերպ կզսպի անշարջ գույքի շուկայի սառեցումն ու գնային կտրուկ փոփոխությունները։
Ի դեպ, տնտեսագետների կարծքով շինարարական կազմակերպություններին ⦿ ուղղակի ֆինանսավորելու տարբերակը արդյունավետ չի կարող լինել, փոխարենը բանկերի կողմից վարկային արձակուրդների տրամադրումն ու երկարաձգումն ավելի գործուն կլինի։
Մյուս կարևոր քայլերից մեկը կարող է լինել Պետության կողմից որոշակի երաշխիքների տրամադրումը։ Օրինակ՝ անավարտ շինարարական պրոյեկտի մտավախությունները փարատելու համար Պետությունը կարող է ռիսկերի կառավարման շրջանակում որոշակի ֆինանսական երաշխիքներ տրամադրել կառուցապատողներին՝ հավաստիացնելով, որ մի քանի տարվա ընթացքում շինարարական աշխատանքները ավարտին կհասցվեն։
Վերջաբան
Ցանկացած ճգնաժամ փորձության շրջան է պետության, պետական կառավարման մարմինների ու հասարակության համար, սակայն ճիշտ ընտրված քաղաքականությունն ու գործողությունների ալգորիթմը՝ հաստատակամության հետ միասին կարող են եթե չկասեցնել, ապա զգալիորեն մեղմել սպասվող անկումները՝ հաստատուն հիքմ ստեղծելով հետագա դրական զարգացումների համար։ Հուսանք, որ վերջին երկու տարիների դրական տենդենցները Հայաստանի շինարարական ոլորտում կվերականգնվեն ու կշարունակվեն է՛լ ավելի մեծ ծավալներով գլոբալ առողջապահական ճգնաժամը հաղթահարելու ճանապարհին։
.
Փեփրոնե Բադալյան // RealBusiness.am
Փեփրոնեն հանդիսանում է ֆրիլանս քոնթենթ-մեյքեր և Քոփիռայթեր՝ 5+ տարվա փորձով։ ՀԻմնական ուղղություններն են՝ ֆոտո բովանդակություն, բիզնես և տեխնոլոգիական վերլուծական հոդվածներ և այլն։
☑ Instagram ☑ Linkedin